Մեծ խաղ. խոսքը՝ խաղալիք

https://dpir.mskh.am/hy/node/963

Ինչքա՜ն խաղալիք կա իրական, ակտիվ, բազմագույն, բազմազան կյանքում` իրական և արհեստական խաղալիքներ: Իրական խաղալիքը կյանքն է ստեղծել կամ երեխան:
Արհեստականը՝ բիզնեսմենը. կարևոր չէ՝ որ դարում: Որքան «զարգացել» է բիզնեսը, այնքան փչացել է խաղալիքը: Քարից ու ծառից հեռացել է, մտել է քաղաքի քաղքենի տարածք, դարձել միադեմ, միիմաստ: Հիմա ո՞վ է քարկտիկ խաղում։
Միտքն է ճշմարիտ զարգացման աղբյուրը և արդյունքը, ոչ թե անկենդան լեզվով բարբաջանքներ հորինելը՝ թեկուզ անթերի ուղղագրությամբ և շարահյուսությամբ:
Մի՛ թողեք դիտեն այն հեքիաթ-ֆիլմերը կամ մուլֆիլմերը, որոնց հեղինակները իբր թե խմբագրում են հանճարեղ Թումանյանին, Աղայանին, մի՛ հեռացեք նրանց խոսքից: Հեքիաթները դառնում են Բարբի, այն էլ՝ էժանագին, երեխաների գլուխը մի́ լցրեք կարմիր գլխարկներով: Միջավայր ստեղծեք, հետը խաղացեք, որ «Ծիտը», «Անհաղթ աքլորը», «Ճամփորդները» և մնացած հեքիաթներն ու պատումները բառ-բառ իմանան՝ ստվերախաղով, մնջախաղով (մի խումբն ասի, մյուսը՝ ցույց տա), հարց ու պատասխանով:
Բաժանվեք երեք խմբի.
– Լինում է չի լինում մի ծիտ:
– Լինում է չի լինում մի ծի՞տ:
– Լինում է, չի լինում մի ծի՛տ:
Հարցականը որտեղ կուզեք՝ դրեք:

Երգելով, շրխկացնելով, վանկատելով… ի՜նչ ուզես, կարող ես մտածել, միայն ոչ անկենդան կրկնությամբ: Խաղացեք հատված-հատված:
Եթե անգամ ինչ-որ բան անհասկանալի կմնա, եթե՛. մեկ է, թումանյանական լեզուն՝ իր պատկերներով, լեզվական կառույցներով, արտահայտություններով, խաղով ու գույնով մշակույթ կձևավորի, խոսք, զգացողություն, միտք, ճաշակ: 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *