ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երեխան պետք է պատկերացում ունենա ֆիզիկական վարժությունների առողջարարական նշանակության, առողջ սննդի, առողջ ապրելակերպի վարման հիմնական կանոնների՝ օրգանիզմի կոփման, օրվա ռեժիմի, հիգիենիկ կանոնների, ճիշտ կեցվածքի պահպանման մասին: Պետք է ընկալի ֆիզիկական վարժությունների ճիշտ կատարման ձևը, ճանաչի և տարբերի ամառային և ձմեռային մարզաձևերը: Ընդհանուր պատկերացում ունենա շարժողական ընդունակությունների, տարածված մարզաձևերի, մարզագույքի, սպորտային հանդերձանքի մասին: Երեխան ընդունակ է ճիշտ կատարելու մարմնամարզական, աթլետիկական վարժություններ, տարաբնույթ շարժողական գործողություններ շարժախաղերում, մարզախաղերում, շարժողական ակտիվության այլ ձևերում: Դրսևորում է անհրաժեշտ ֆիզիկական պատրաստվածություն և պահպանում է առողջ ապրելակերպի վարման կանոնները։ Երեխան ինքնուրույն կատարում է նմանողական շարժումներ, ընդհանուր զարգացնող վարժություններ՝ առանձին, զույգերով, մարզագույքով: Վարժությունների կատարման ընթացքում, շարժախաղերում, թիմային խաղերում դրսևորում է ինքնուրույնություն, կարգապահություն, կամք, պատասխանատվություն, համագործակցություն, վճռականություն, փոխօգնություն, ընկերասիրություն, նախաձեռնողականություն։

Շարժողական ոլորտում նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման և կրթական վերջնարդյունքներն են.

1) վաղ մանկության տարիքի առաջին խումբ (մինչև 1 տարեկան)՝ 

երեխան ինքնուրույն կամ մեծի օգնությամբ կարողանում է սողալ, սողալով մագլցել ոչ բարձր առարկաների վրա և իջնել, կքանստել ու կանգնել,  կարողանում է նստել առանց հենվելու և բռնվելու որևէ առարկայից,

 կարողանում է կանգնած դրությունից թեքվել և ուղղվել առանց ոտքերը շարժելու,

 սկսում է ինքնուրույն քայլել, ոչ բարձր առարկայի վրայից անցնել դեպի մյուսը,  կարողանում է ձեռքերով հենարանից բռնած բարձրանալ և իջնել աստիճանի և բլրակի վրայից,

 կարողանում է քայլել մեծի ցույց տված ուղղությամբ, քայլել գլորած առարկայի հետևից,

 կարողանում է ակտիվ գործողություններ կատարել առարկաներով որոշակի արդյունքի համար` մեկ առարկան դասավորել մյուսի մեջ, բացել և փակել արկղի կափարիչը, օղակն անցկացնել ձողի վրա և հանել, նետել առարկաներ,  կատարում է պարային պարզ շարժումներ ուրախ, առույգ և հանգիստ նվագակցությամբ,  դրական է արձագանքում մերսմանը, կոփման միջոցառումներին,

 վերցնում է մեծի ձեռքից կամ գլխավերևում կախված խաղալիքը, կատարում տարբեր շարժումներ.

2) վաղ մանկության տարիքի երկրորդ խումբ (1-ից մինչև 2 տարեկան)`

 երեխան ինքնուրույն կամ մեծի օգնությամբ կարողանում է քայլել առաջադրված ուղղությամբ, բարձրանալ աստիճաններով և իջնել, սողանցել,  կարողանում է անցնել հատակին դրված ոչ բարձր առարկայի վրայով,

 կարողանում է քայլել ոչ բարձր, թեք տեղադրված տախտակի վրայով,

 կարողանում է գնդակը գլորել որոշակի ուղղությամբ և քայլել գնդակի հետևից,  կարողանում է կատարել մեծի կողմից ցուցադրված ընդհանուր զարգացնող պարզ վարժություններ.

 կարողանում է խաղալ շարժախաղեր պարզ շարժողական գործողություններով,

 կատարում է պարային պարզ շարժումներ նվագակցությամբ, ը. դրական է արձագանքում կոփման միջոցառումներին,

 շարժողական գործողությունների ժամանակ դրսևորում է ինքնուրույնություն.

3) կրտսեր առաջին խումբ (2-ից մինչև 3 տարեկան)՝

 երեխան ինքնուրույն կամ մեծի օգնությամբ կարողանում է կատարել պարզ մարմնամարզական, աթլետիկական վարժություններ` փոփոխելով շարժման ուղղությունը, ելման դիրքը,

 կարողանում է կատարել ընդհանուր զարգացնող և հավասարակշռության պարզ վարժություններ,

 կարողանում է խաղալ` կիրառելով քայլք, վազք, ցատկեր, նետումներ, սողանցումներ, տարածության մեջ կողմնորոշվելով շարժախաղեր՝ դրսևորելով անհրաժեշտ շարժողական ընդունակություններ,

 կարողանում է նստել, կանգնել, քայլել ջրի մեջ,

 մեծի ուղղորդմամբ պահպանում է մաքրության և օրվա ռեժիմի հիմնական պահանջները,

 ֆիզիկական դաստիարակության տարբեր ձևերում դրսևորում է ինքնուրույնություն, կարգապահություն, ընկերասիրություն.

4) կրտսեր երկրորդ խումբ (3-ից մինչև 4 տարեկան)`

 երեխան կարողանում է կատարել և զուգակցել հիմնական շարժողական գործողությունները,

 կարողանում է խաղալ շարժախաղեր (վազքով, ցատկերով, նետումներով, սողանցումով, մագլցումով) առանց առարկայի և առարկաներով,

 կարողանում է վարել եռանիվ հեծանիվ, ինքնագնաց, սահել սահնակով,

 ջրում կատարում է լողի տարրերով պարզ վարժություններ,

 կատարում է ընդհանուր զարգացնող վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով,

 կարողանում է կատարել ճիշտ կեցվածքի ձևավորման, հարթաթաթության կանխարգելման վարժություններ,

 կատարում է պարզ զուգակցումներով պարային շարժումներ,

 պահպանում է հիգիենայի հիմնական պահանջները,

 ֆիզիկական դաստիարակության տարբեր ձևերում դրսևորում է ակտիվություն, համագործակցություն, կարգապահություն,

 գիտի շարժախաղերի և մարզաձևերի անվանումներ.

5) միջին խումբ (4-ից մինչև 5 տարեկան)`

 երեխան կարողանում է ճիշտ կատարել և զուգակցել հիմնական շարժողական գործողությունները,

 խաղում է շարժախաղեր՝ հիմնական շարժողական գործողություններով, մասնակցում է մարզախաղերի տարրերով փոխանցումավազքերին՝ դրսևորելով անհրաժեշտ շարժողական ակտիվություն,

 տիրապետում է սպորտային վարժություններին` սահում է սահնակով և դահուկներով, վարում է ինքնագնաց, եռանիվ և երկանիվ հեծանիվ,

 ջրում կատարում է ոտքերի և ձեռքերի շարժումներ, խաղում է ջրային խաղեր,  կատարում է կեցվածքի շեղման, հարթաթաթությունը կանխարգելող վարժություններ,

 կատարում է ընդհանուր զարգացնող վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով, վերին ու ստորին վերջույթների, ուսագոտու, իրանի և որովայնի համար,

 կատարում է պարզ պարային շարժումներ և դրանց զուգակցումներ,

 ինքնուրույն կատարում է տարբեր բնույթի ֆիզիկական վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով,

 ֆիզիկական դաստիարակության տարբեր ձևերում դրսևորում է կարգապահություն, ակտիվություն, ընկերասիրություն, համագործակցություն, բարեկիրթ վարքագիծ և հարգանք,

 գիտի ամառային և ձմեռային մարզաձևեր, ճանաչում է հայ անվանի մազիկներին.

6) ավագ խումբ (5-ից մինչև 6 տարեկան)`

 երեխան կարողանում է ճիշտ կատարել հիմնական շարժողական գործողությունները (քայլք, վազք, ցատկեր, նետումներ, մագլցում, սողանցում) տարբեր պայմաններում,

 ինքնուրույն կատարում է ընդհանուր զարգացնող վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով, վերին և ստորին վերջույթների, ուսագոտու, իրանի և որովայնի համար,

 խաղում է տարբեր ուղղվածության շարժախաղեր և մարզախաղեր, զուգորդում դրանց բնորոշ շարժողական գործողությունները` դրսևորելով անհրաժեշտ շարժողական ընդունակություններ,

 տարբեր պայմաններում կատարում է սպորտային վարժություններ՝ սահում է սահնակով և դահուկներով, վարում է ինքնագնաց, երկանիվ հեծանիվ, դրսևորելով անհրաժեշտ շարժողական կարողություններ և հմտություններ,

 խաղում է ջրային խաղեր, ազատ ոճով լողում է 5-10 մ,

 կատարում է ճիշտ կեցվածքի ձևավորման և հարթաթաթությունը կանխարգելող վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով,

 կատարում է պարային շարժումներ՝ դրսևորելով ռիթմի զգացողություն և ռիթմոպլաստիկ շարժողական կարողություն,

 օրվա ռեժիմի ընթացքում կատարում է նմանողական շարժումներ և ընդհանուր զարգացնող վարժություններ,

 ինքնուրույն կամ մեծի օգնությամբ կատարում է առավոտյան հիգիենիկ մարմնամարզություն, ֆիզկուլտ-դադար, տնային հանձնարարություններ,

 ինքնուրույն կատարում է առարկաներով ֆիզիկական վարժություններ (գնդակ, ցատկապարան, օղ, մարմնամարզական փայտ),

 կարողանում է վարել հեծանիվ, ինքնագնաց, սահել սահնակով և դահուկներով,

 կիրառում է կոփման միջոցներ, պահպանում է օրվա ռեժիմը, դրսևորում է շարժողական ակտիվություն,

 ֆիզիկական ակտիվության բոլոր ձևերում դրսևորում է կարգապահություն, աշխատասիրություն, ազնվություն, ընկերասիրություն, փոխօգնություն, կամք, պատասխանատվություն, նախաձեռնություն, վճռականություն,

 գիտի օլիմպիական խաղերի ծագման և խորհրդանիշների մասին,

 պատկերացում ունի օրգանիզմի վրա ֆիզիկական վարժությունների և սպորտի դրական ներգործության մասին։

աղբյուր՝ arlis.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *